Եկեղեցի - պետություն- հասարակական կազմակերպություն համագործակցություն` հանուն հասարկության
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
Ամփոփիչ կլոր սեղան-քննարկումը Առաջնորդարանում
Եկեղեցի - պետություն- հասարակական կազմակերպություն համագործակցության եզրեր փնտրելու եւ համայնքնային խնդիրներն ու պրոբլեմները վեր հանելու եւ միասնաբար լուծելու նպատակով մարտի 22-ին Առաջնորդարանում տեղի ունեցավ «Այսօր կերտում ենք ապագան» ծրագրի շրջանակներում իրականացվող ամփոփիչ կլոր - սեղան քննարկումը:
ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Գուգարաց թեմի աջակցությամբ իրականացվող «Այսօր կերտում ենք ապագան» կոալիցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող այս քննարկման ընթացքում ամփոփ հաշվետվությամբ ներկայացվեցին նախորդ հանդիպումների ընթացքում առաջարկված եւ արդեն իրականացված ծրագրերը, արձանագրված հաջողությունները, համատեղ նոր ծրագրերի նախագծերը:
Ծրագրի շրջանակներում, որպես եկեղեցի - պետություն - հասարակական կազմակերպություն համագործակցության շոշափելի արդյունք, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի կողմից Վանաձոր համայնքի խիստ կարիքավոր 5 հաշմանդամների տրամադրվել են 4 էլեկտրական եւ 1 մեխանիկական սայլակ` 2,5 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, քաղաքապետ Ս. Դարբինյանի կողմից տրամադրվել է էլեկտրական սայլակի մեկ մարտկոց` 45000 դրամ արժողությամբ:
Թեմակալ առաջնորդի հովանավորությամբ այս տարի թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում իրենց ամառային հանգիստը անց կկացնեն համագործակցող եւ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների անապահով եւ խիստ կարիքավոր ընտանիքների թվով 50 երեխաներ:
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից ճշտվել եւ թարմացվել են Վանաձորում գործող ՀԿ-ների ցանկը:
Ծրագրի շրջանակներում Ծաղկազարդի տոնին` ապրիլի 1-ին, որը Ամենայն Հայոց Հայրապետի կարգադրությամբ նաեւ մանուկների օրհնության օրն է, մասնակից ՀԿ-ների թվով 250 երեխաներ, ստանալով թեմակալ առաջնորդի օրհնությւոնը, կմասնակցեն Վանաձորի առաջնորդանիստ Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու ներքնահարկ սրահում կազմակերպվող տոնական հանդիսությանը: Հանդիսությունն իր բեմականացումներով կզարդարի Էջմիածնի «Հայ միասնության խաչ» ՀԿ-ի մանկական թատերախումբը: Առաջարկվեց այդ օրվա կապակցությամբ տպագրել էջանիշեր եւ բաժանել երեխաներին:
«Խաչվող ուղիներ» եւ «Բոլոր սար» ՀԿ-ների կողմից առաջարկվեց այդ օրը, որպես նվեր մանուկներին, այցետոմս տրամադրել մասնակից կարիքավոր ընտանիքների երեխաներին` անվճար օգտվելու կենտրոնների վարսավիրական ծառայությունից:
Կարեւորելով Վանաձորի մշակութային կենտրոնների, հուշարձանների, հուշակոթողների եւ հարակից տարածքների մաքրությունը` քաղաքապետարանի սոցիալական ծրագրերի բաժնի առաջարկությամբ որոշվեց հանդես գալ յուրօրինակ նախաձեռնությամբ. ծառատունկերին զուգահեռ մաքրել եւ ներկայանալի տեսքի բերել թե° հուշակոթողները, թե° նրանց հարակից տարածքները:
Հանդիպման մասնակից հագեւոր եւ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին եւ ներկայացան կոնկրետ առաջարկություններով: Առաջարկվեց նոր ծրագիր մշակել եւ աշխատանք տանել անապահով ընտանիքների հետ` կրթելով եւ մասնագիտական կարողություններ եւ հմտություններ հաղորդելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին, օգտակար լինել` լուծելու ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական խնդիրները:
«Այսօր կերտում ենք ապագան» ծրագրի շրջանականերում իրականացվող ամփոփիչ այս կլոր-սեղան քննարկումը մեկնարկը դարձավ Հայ Առաքելական Մայր եկեղեցու, պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, համայնքում գործող կազմակերպությունների շարունակական եւ համատեղ նոր ծրագրերի իրականացմանը` կարեւորելով սեփական փորձի եւ կարողությունների օգտագործումը համայնքի զարգացման համար: